Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 28-ին մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա
միջազգային 5-րդ հոբելյանական փառատոնին։
«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե
չունես հոգու թռիչք» կարգախոսով միջոցառումը, որի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր
Աննա և Անահիտ Մխիթարյանները, այս տարի անցկացվել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում:
Փառատոնին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող
անձանց խմբեր և անհատ կատարողներ Ղազախստանից, Սիրիայից և Հայաստանի մասնագիտացված
մանկատներից, խնամքի կենտրոններից, հատուկ կրթահամալիրներից և այլ հաստատություններից:
Իր խոսքում Անահիտ Մանասյանը կարևորել է նման
ձևաչափով միջոցառման անցկացումը. «Կարևոր է երբեք չհանձնվել, լինել բարի, համախմբող
և համերաշխ։ «Ճախրուկ» ընտանիքի այս տոնը ևս մեկ հնարավորություն է համախմբվելու և
ամբողջ աշխարհին ապացուցելու, որ բոլորն ունեն առանձնահատկություններ, և այդ առանձնահատկությունների
շնորհիվ բոլորիս հնարավորություններն անսահման են դառնում։ Կարևոր է, որպեսզի միմյանց
սիրենք և ընդունենք` նկատի ունենալով յուրաքանչյուրիս առանձնահատկությունը» — նշել
է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը կարևորել է պետության աջակցությունը
հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման գործում։ Նա նաև վստահեցրել
է, որ իր հնարավորության սահմաններում միշտ կանգնած կլինի «Ճախրուկների» մեծ ընտանիքի
և հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց կողքին: