«Հոկտեմբերի
10-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր։
Այս օրը կոչ է՝ միավորելու պետության, հասարակության
և մասնագիտական համայնքի ջանքերը՝ ուղղված հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ
ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան` մշտապես
եմ ընդգծում, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների
պաշտպանությունը պետք է հիմնվի հավասարության, անհատական մոտեցման, խտրականության բացառման
և մարդու արժանապատվության հարգման սկզբունքների վրա։
Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս,
որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների երաշխավորման
տեսանկյունից առկա են բազմաթիվ խնդիրներ: Դրանք, ի թիվս այլնի, վերաբերում են պաշաճ
հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրմանը, համայնքահեն ծառայությունների բացակայությանը,
իրենց վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում աջակցող մեխանիզմների բացակայությանը
և այլն:
Հարկ է ընդգծել, որ հոգեկան առողջության հետ
կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները
վեր հանելու և դրանց լուծման արդյունավետ կառուցակարգեր մշակելու նպատակով Պաշտպանը
ամենօրյա ռեժիմով է իրականացնում մշատադիտարկման աշխատանքներ, չհայտարարված այցեր,
այդ թվում` հոգեբուժական օգնություն ու սպաասարկում, խնամք և պաշտպանություն իրականացնող
տարբեր հաստատություններ:
Պաշտպանի գործունեության արդյունքում բացահայտված
խնդիրները մանրամասն ուսումնասիրվում և ամփոփվում են՝ դրանց լուծման ուղիները ներկայացնելով
համապատասխան պետական մարմիններին։ Արձանագրված բոլոր խնդիրներն ու առաջարկություններն
արտացոլվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան և արտահերթ հրապարակային
զեկույցներում։
Միայն համատեղ
ջանքերով կարելի է կառուցել հասարակություն, որտեղ կերաշխավորվի հոգեկան առողջության
հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը և կբացառվի
խտրականությունը նրանց նկատմամբ»: