Հոկտեմբերի
9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է Երևանի Սերո Խանզադյանի
անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտներին։ Այցը ճանաչողական բնույթ էր կրում և նվիրված
էր երեխաների իրավունքների թեմային։
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը դպրոցականներին ներկայացրել է Պաշտպանի ինստիտուտի առաքելությունը,
լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Պաշտպանը մանրամասն անդրադարձել է երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցերին,
ինչպես նաև անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի առանձնահատկություններին։
Նա ներկայացրել է նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված հիմնական
իրավունքները և դրանց պաշտպանության ազգային կառուցակարգերը։
«Չափազանց
կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։
Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող և ոչ
խտրական միջավայր», -
նշել
է Անահիտ Մանասյանը։
Հանդիպումն
անցկացվել է հարց ու պատասխան ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին
բարձրաձայնել իրենց հուզող հարցերը։ Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն
առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ու
արձագանքման, կրթության իրավունքի ապահովման, ինչպես նաև լսված լինելու և ազատորեն
կարծիք հայտնելու իրավունքի իրացման վերաբերյալ։
Անդրադարձ
է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության
հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։
Ամփոփելով
հանդիպումը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրի մասնակցությունը և սեփական
միջավայրում դրական փոփոխությունների իրականացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու համար։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական
հանդիպումները կրում են շարունակական բնույթ: