Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է ՀՀ արդարադատության
նախարարության Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-ամյակին և Քրեակատարողական
ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը:
Պաշտպանը
հանդես է եկել շնորհավորական խոսքով՝ ընդգծելով քրեակատարողական համակարգի կարևոր դերը
մարդու իրավունքներին առնչվող տարբեր խնդիրների հասցեավորման տեսանկյունից․
«Սրտանց
շնորհավորում եմ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կազմավորման
106-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում եմ արժանապատիվ, արդյունավետ, պրոֆեսիոնալ
և իրավունքահեն ծառայություն: Պատշաճ մակարդակով իրականացվելու դեպքում այս ծառայությունն
իրական առաքելություն է, որը կարող է առանցքային ազդեցություն ունենալ մարդկանց ճակատագրերի
վրա:
Թեև մեր
հաղորդակցությունը հիմնականում տեղի է ունենում ՄԻՊ կողմից խնդիրների արձանագրման համատեքստում,
սակայն ուզում եմ հատուկ ընդգծել, որ Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված են
գործընկերային և կառուցողական հարաբերություններ։ Ինչպես Արդարադատության նախարարությունը,
այնպես էլ Քրեակատարողական ծառայությունը ցուցաբերում են կառուցողական մոտեցում՝ մեր
կողմից արձանագրված խնդիրների հասցեավորման և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքների
կազմակերպման հարցում:
Այս համակարգը
կարիք ունի ժամանակակից չափանիշներին համապատասխանող լուրջ բարեփոխումների, որոնք պետք
է իրականացվեն այն տրամաբանությամբ, որ հնարավոր չէ կառուցել նոր համակարգ՝ հին մոտեցումներով»,-ասել
է Անահիտ Մանասյանը:
Ամփոփելով
խոսքը՝ Պաշտպանը քրեակատարողական ծառայողներին մաղթել է արդյունավետ, արգասաբեր, բարձր
պրոֆեսիոնալիզմով և արժանապատիվ ծառայություն:
Միջոցառմանը
մասնակցել են Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, այլ պետական
մարմինների, ՄԻՊ աշխատակազմի, ակադեմիական համայնքի ղեկավար կազմն ու ներկայացուցիչները։
Այնուհետև
Պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է եղել Քրեակատարողական ծառայողների պարգևատրման արարողությանը:
Միջոցառման
շրջանակում անցկացվել է նաև «Քրեակատարողական համակարգ․ բարեփոխումներ և մարտահրավերներ»
թեմայով գիտաժողով: