Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 20-ին զանգվածային լրատվության միջոցների
և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն այն մասին,
որ Գյումրու քաղաքապետարանի դիմաց իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։
Հրապարակումներ
են շրջանառվել առ այն, որ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է առերևույթ անհամաչափ ուժ,
մի խումբ անձինք տեղափոխվել են Ոստիկանության բաժին:
Մարդու
իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Շիրակի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը
տվյալ պահին այց է իրականացնում Ոստիկանության համապատասխան բաժին՝ ազատությունից զրկված
անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Բացի այդ՝
մշտադիտարկման արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ստեղծված իրավիճակի
հետևանքով չի ապահովվել համայնքում գործող մի շարք մանկապարտեզների բնականոն աշխատանքը,
ինչն իր ազդեցությունն է ունեցել երեխաների նախադպրցական կրթության իրավունքի վրա:
Պաշտպանը
ևս մեկ անգամ ընդգծում է, որ նշված և ցանկացած այլ գործընթացներում անհրաժեշտ է առաջնորդվել
բացառապես երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքով:
Մարդու
իրավունքների պաշտպանը ներկայումս ուսումնասիրում է շրջանառվող բոլոր տեղեկությունները՝
իր մանդատի շրջանակներում համապատասխան արձագանք ապահովելու նպատակով։