Հոկտեմբերի 30-ին Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է Երևանի Ջոն Կիրակոսյանի
անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտներին։
Ողջունելով հյուրերին՝
Անահիտ Մանասյանը դպրոցականներին է ներկայացրել Պաշտպանի ինստիտուտի
առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն
ու առաջնահերթությունները:
«Չափազանց կարևոր և
ուրախալի է, որ հետաքրքրված եք մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, քանի
որ որևէ ոլորտում հնարավոր չէ հասնել իրական և կայուն հաջողությունների՝ առանց
մարդու իրավունքների վերաբերյալ բավարար գիտելիքների։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ
իրազեկվածությունը մեզ օգնում է ձևավորել հանդուրժող, ներառական և
խտրականությունից զերծ միջավայր», - նշել է Անահիտ Մանասյանը։
Հանդիպումն անցկացվել է
հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին
բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Հանդիպման ընթացքում
քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ
թվում՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, կրթության իրավունքի
ապահովման, ինչպես նաև լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքի
իրացման վերաբերյալ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական
հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական
բնույթ: