Դեկտեմբերի
26-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Արդարադատության նախարարության
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է ազատությունից զրկված անձանց
ստեղծագործական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքի և համերգային միջոցառման։
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ցուցասեղանների
տարածք, ծանոթացել ազատությունից զրկված անձանց ձեռքի աշխատանքներին և կատարել գնումներ։
Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Զատիկ» երեխաների աջակցության
կենտրոնին։
Միջոցառմանը ներկա են եղել Արդարադատության
նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Ազգային
ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը, Արդարադատության նախարարության,
Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Քրեակատարողական ծառայության,
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի
ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված համերգային ծրագրին
կատարումներով հանդես են եկել Թատրոնի առաջատար մեներգիչները։
Միջոցառման ավարտին Անահիտ Մանասյանը հանդես
է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին գալիք տոների առթիվ: Պաշտպանը մաղթել է,
որպեսզի գալիք տարին բերի նոր հույսեր և ուժ՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը
կզգա, որ ինքն արժևորված է, իսկ մարդու իրավունքները` հարգված և պաշտպանված:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
կարևորում է ազատությունից զրկված անձանց զբաղվածության, ստեղծագործական ներուժի բացահայտման
և զարգացման հնարավորությունների ապահովումը՝ որպես նրանց վերասոցիալականացման, ինքնադրսևորման
և հասարակության հետ կապի պահպանման կարևոր բաղադրիչ։