Փետրվարի
16-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը Հրազդանում հանդիպել է մարզում գործող հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների, իրավունքի ոլորտով հետաքրքրված երիտասարդների, ինչպես նաև հանրակրթական
ուսումնական հաստատությունների ուսուցիչների և ղեկավար անձնակազմի հետ։
«Հայի
բռունցք» հասարակական կազմակերպության գրասենյակում կազմակերպված հանդիպումը տեղի է
ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցել են նաև
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
Ողջունելով
ներկաներին՝ Պաշտպանն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ նշելով,
որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բաց և կառուցողական երկխոսությունը
մարդու իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետության կարևոր բաղադրիչներից
է։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության
զարգացումը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացու ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտությունը,
ինչպես նաև բարձրացված հարցերի քարտեզագրումն ու դրանց հիման վրա արդյունավետ արձագանքման
մեխանիզմների մշակումը։ Պաշտպանը վերահաստատել է, որ քաղաքացիական հասարակության հետ
համագործակցությունը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել
մարդու իրավունքների իրական վիճակի մասին, վեր հանել հրատապ խնդիրները և համատեղ մշակել
համակարգային լուծումներ:
Հանդիպման
ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր,
այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առնչությամբ, և ներկայացրել
իրենց մտահոգությունները։ Քննարկման օրակարգում ընդգրկված են եղել սոցիալական, կրթական,
ինչպես նաև կանանց, երեխաների, երիտասարդների ու բռնի տեղահանվածների իրավունքներին
վերաբերող հարցեր։
Անդրադարձ
է կատարվել նաև դրամաշրջանառության վերաբերյալ օրենսդրական կարգավորումների կիրառման
ընթացքում առաջացող գործնական դժվարություններին։ Հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտում իրականացվող ծրագրերը, արձանագրված խնդիրները,
առկա կարիքներն ու համագործակցության հնարավոր ուղղությունները։
Ամփոփելով
հանդիպումը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ ներգրավվածության
և կառուցողական քննարկման համար՝ ընդգծելով, որ նման հանդիպումները կարևոր հարթակ են
տեղում խնդիրները լսելու և արդյունավետ արձագանք ապահովելու համար։
Հանդիպման
ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ընդլայնելու համագործակցությունը և շարունակական
երկխոսության միջոցով համատեղ աշխատանքով առաջ մղելու բարձրացված խնդիրների լուծումը։
Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ քաղաքացիների
իրավունքների պաշտպանության և համակարգային խնդիրների հաղթահարման ուղղությամբ։