Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ մասնագիտական, ակադեմիական
համայնքները, պաշտոնատար անձինք ավելի ազատ են իրենց խոսքի տեսանկյունից և ավելի հանդուրժող
պետք է լինել նրանց նկատմամբ, այդ թվում` խոսքի արգելված տեսակներ օգտագործելու պարագայում,
թյուր պատկերացում ունեն բարեվարքության, էթիկայի և վարքագծի կանոնների համակարգի մասին:
Այս կանոնները ենթադրում են շատ ավելի մեծ զգոնություն խոսքի նկատմամբ, և դրանք չպահպանելու
դեպքում կարգապահական պատասխանատվություն:
Միևնույն ժամանակ, անթույլատրելի է և այն տրամաբանությունը,
որ նշված կանոնները խախտող խոսքի ցանկացած տեսակ կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:
Չափազանց զգույշ է պետք լինել խոսքի համար քրեական պատասխանատվության գործիքներ գործադրելիս,
առավել ևս` անձանց ազատությունից զրկելիս: